Նյութի մասին
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կլիմայի փոփոխության ամենախոցելի երկրների շարքում։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում արձանագրված ջերմաստիճանի աճը Հայաստանում մոտավորապես 1.5–2 անգամ գերազանցում է գլոբալ միջին ցուցանիշը, իսկ տեղումների տարածական և սեզոնային բաշխման խախտումները հանգեցրել են սակավաջրության, հողերի դեգրադացիայի, լանջային էրոզիայի և գյուղատնտեսական վնասների անհամեմատ աճի։ Ծայրահեղ եղանակային երևույթները՝ ուժեղ ամպրոպները, կարկտային տեղումները, չորային և տաք անապատային քամիները, ինչպես նաև կարճատև, բայց առատ հեղեղումները, այսօր այլևս չեն դիտարկվում որպես հերթական սեզոնային շեղումներ։ Դրանք վերածվել են կրկնվող և անկանխատեսելի ռիսկերով պայմանավորված նոր իրականության՝ այն «կլիմայական նորմալի», որը ձևավորվում է կլիմայի փոփոխության արագացող տեմպերի պայմաններում։ Այս փոփոխված միջավայրը ստիպում է վերանայել ոչ միայն ռիսկերի գնահատման մոտեցումները, այլ նաև բնական և մարդածին համակարգերի կառավարման ամբողջ տրամաբանությունը։Այս իրողությունների պայմաններում կլիմայական հարմարվողականությունը այլևս ընտրանք չէ․ այն դարձել է ազգային անվտանգության, տնտեսական կայունության և համայնքային գոյատևման հիմնասյուն։